31/03/2015 19:23
ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր հրապարակել է ընդդեմ Հայաստանի հանրապետության վճիռներ։
«Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2003 թ. ձերբակալված հայցվոր Արտաշես Դավթյանը ՄԻԵԴ հայց էր ներկայացրել՝ բողոքելով կալանքի տակ գտնվելու ժամանակ ոչ համարժեք բուժօգնությունից։
Դավթյանը, ով 1997-ից 1999 թթ․ եղել էր բանկի գործադիր տնօրեն, ձերբակալվել էր խոշոր չափերի յուրացումներ կատարելու և կեղծ հաշվապահական փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով, 2005 թ. մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման, սակայն 2006 թ․ հունիսին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Կալանքի տակ հայտնվելուց 1 ամիս հետո բժիշկները խորհուրդ էին տվել կատարել Ա. Դավթյանի ձայնալարերի նորագոյացության բիոպսիա, ինչը, սակայն չէր արվել , ինչն էլ նպաստել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման, որի հետևանքով Ա. Դավթյանին տեղափոխել էին հիվանդանոց և շտապ վիրահատել։
ՄԻԵԴ-ում հայցվորը բողոքել է, որ ստացել է միայն սիմպտոմատիկ բուժում՝ մասնագիտացված բուժման փոխարեն։
ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը և հայցվորը կստանա 9000 եվրո որպես արդարացի փոխհատուցում, ինչպես նաև 60 եվրո՝ այլ ծախսերի համար։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործով ևս ՄԻԵԴ վճիռ է կայացրել, մասնավորապես, կալանավայրում սպանության հետաքնության գործով վկայի մահվան համար սգո երթ անցկացնելու արգելքի վերաբերյալ։ Խոսքը 2007 թ. մայիսի 12-ի դեպքին է վերաբերվում, երբ վկան դուրս էր նետվել ոստիկանության բաժանմունքի պատուհանից։
2008թ․-ի մայիսի 6-ին դիմումատու ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել էր, որ ցանկանում է երթ անցկացնել, ինչը քաղաքապետն արգելել էր, քանի որ հետընտրական բախումներ էին եղել:
Դիմումատուն, որը չէր ստացել քաղաքապետի որոշման վերաբերյալ նամակը, փորձել էր երթ անցկացնել 2008թ․-ի մայիսի 12-ին, սակայն ոստիկանությունը կանխել էր երթը, իսկ ՀԿ-ն քաղաքապետի՝ երթի արգելքի վերաբերյալ նամակը ստացել էր 2008թ․-ի մայիսի 13-ին։
Դիմումատուն արդարացի բավարարման պահանջ չէր ներկայացրել: