31/03/2015 14:36
Մ. Մելքումյան. ԱԺ ընդդիմությունը կմիավորվի գազի հարցի շուրջ
«Մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանին, նրա որոշումները, ոչ մի խնդիր չկա: Կամ ո՞նց կարող ենք չհարգենք մի մարդու, ով ԲՀԿ կայացման հարցում առանցքային դերն է ունեցել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության ադամ Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է ԲՀԿ նախկին ղեկավար Գ. Ծառուկյանի հետ:
Անդրադառնալով կուսակցությունը լքած իր գործընկերներին՝ նա ասաց, որ բոլորի հետ էլ պահպանում են գործընկերային լավ հարաբերություններ, բայց անձամբ ինքը հավատարիմ է մնալու կուսակցության ծրագրին ու մոտեցումներին:
««Բարգավաճ Հայաստանն» առնվազն պետք է լուծարվի, որ ես դուրս գամ կուսակցությունից»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների հետ փոխհարաբերություններին, մասնավորապես եռյակը կազմող «Ժառանգության» ու ՀԱԿ-ի հետ, ապա Մ. Մելքումյանն ասաց, որ նրանց հետ ևս լավ հարաբերությունները պահպանվել են և հետագայում համագործակցելու հույս էլ կա:
Իհարկե, «եռյակի անդամների հետ նոտարական վավերացված որևէ պայմանագիր չկա», ու թեև հիմա չեն համագործակցում, բայց ոչ ոք չի էլ խանգարի, որ հետագայում նորից համագործակցեն: Սա, իհարկե, այն դեպքում, շարունակեց խոսքը նա, եթե լինի ընդհանուր մղում:
«Օրինակ, առաջիկայում ԱԺ-ում պետք է ներկայացվի ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը, այնպես որ մենք կարող ենք կրկին հանդես գալ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համատեղ մոտեցումներով»,- ասաց նա: