31/03/2015 13:52
«Ամենավտանգավորն այն է, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները կատարվում են իշխանության վերարտադրման համար»
Ամենավտանգավորը այն է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումները կատարվում են իշխանության վերարտադրման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ շրջանառության մեջ դրված թեզը, որ խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավական է, քան՝ նախագահականը, սխալ է, քանի որ ժողովրդավարությունը ոչ թե կախված է կառավարման մոդելից, այլ քաղաքական համակարգից, իսկ խորհրդարանական համակարգն ավելի վտանգավոր է ավտորիտար ռեժիմն ուժեղացնելու համար:
«Վտանգավոր է այն պատճառով, որ խորհրդարանական համակարգի դեպքում կուսակցության նախագահը և կուսակցությունը վերարատադրվելու հնարավարություն են ստանում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ ինքը կողմ է Հայաստանում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, քանի որ ներկայիս համակարգը շատ իմաստներով թույլ չի տալիս պետությանը զարգացնել, որովհետև նախագահը լծակներ ունի բոլոր օղակներում:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը ասաց, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն որպես Հայաստանի քաղաքացի՝ պատրաստ է սահմանադրական փոփոխությունների ժամանակ մասնակցել քվեարկությանը և կողմ արտահայտվել ցանկացած տարբերակի, որը կառաջարկվի «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասով:
Ասուլիսի մյուս բանախոս, «Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում առկա խնդիրների լուծման համար պետք չէ փոխել Սահմանադրությունը, քանի որ առկա խնդիրների մեղավորը Սահմանադրությունը չէ: