01/04/2015 13:58
Ձևական ստուգումնե՞ր. Նախարարությունը ստուգում է, Ախթալայի կոմբինատը՝ աղտոտում նույն տեմպով
Օրերս տեղեկացրել էինք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը հայտնվել է բնապահպանների ուշադրության կենտրոնում, նրանք ահազանգում են, որ պոչամբարը շատ վատ վիճակում է, իսկ մարտի 21-ին էլ այստեղ վթար է տեղի ունեցել, որն այս պահին կասեցված է, իսկ հետևանքները վերացված:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Թեմինե Արզումանյանը Aysor.am-ին փոխանցեց, որ նախարարությունը կոմբինատով հետաքրքրվել էր դեռ մինչև վթարը և, մասնավորապես, փետրվարի 23-ից այստեղ ստուգումներ են անցկացվում: Դրանք այս պահին էլ դեռ շարունակվում են, այնպես որ ստուգման արդյունքներից ու հատկապես բնությանը հասցված վնասից խոսելը դեռ վաղ է.
«Արդյունքները կամփոփվեն, խախտումները կարձանագրվեն, նոր հնարավոր կլինի խոսել վնասից ու տուգանքի չափից»,- նշեց խոսնակը:
Հարկ է հիշեցնել, որ սա առաջին դեպքը չի, երբ կոմբինատը հայտնվում է բնապահպանների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև պատկան մարմինների իրավասությունների դաշտում. դեռ 2009թ-ին բնապահպանական տեսչությունը տուգանքի որոշում էր կայացրել, որը վճարվել է: Եվ ահա մի քանի տարի անց նույն իրավիճակը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ կոմբինատից երկար տարիներ անընդհատ պոչանքներն ու արտանետումները լցվել են Ախթալա գետը և այլ գետերով տեղափոխվել են Դեբեդ և այդ մասին գիտեին բոլորը, այդ թվում և Բնապահպանության նախարարությունը:
«Դրա մասին կան բազմաթիվ տեսագրություններ, բնապահպանների ահազանգեր, այսինքն այս ամենը բոլորը շատ լավ գիտեն ու տեղյակ են: Եվ խնդիրը միայն նրանում է, թե ինչու ոչ մեկ ոչ մի միջոցառումներ ընդդեմ այս ամենի չի ձեռնարկել առ այսօր, որովհետև ոչ թե ստուգումներ պետք է արվեն, թեև դա էլ կարևոր է, այլ հստակ գործողություններ»,- նշեց Լ.Գալստյանը:
Նրա խոսքով՝ տարածքները ծանր մետաղներով աղտոտվում են տասնյակ տարիներ, որոնք տեղափոխվել են արդեն մարդկանց գյուղատնտեսական մթերքի մեջ՝ մրգերի, խաղողի, հատապտուղների և այլնի, և այդ մասին բազմաթիվ ապացուցող հետազոտություններ հրապարակվել են: Օրերս էլ, շարունակեց նա, ներկայացվեց նաև հետազոտություն դեղձի այգիների վերաբերյալ, որն ապացուցում է, որ դեղձի մեջ կապարի պարունակությունը 2-3 անգամ գերազանցում է թույլատրելի նորմաները:
«Բոլորը այդ ամենից տեղյակ են, դրա պատճառներն էլ բոլորը լավ գիտեն ու հարցը նրանում է, թե ինչու ոչ մեկ ոչ մի բան չի ձեռնարկել առ այսօր: Իսկ եթե այսօրվա դրությամբ նախարարությունը գնացել տեսել է, որ պոչամբարը խայտառակ վիճակում է, որ թափոնաջրերը բոլոր հնարավոր ճանապարհներով հոսում լցվում են Դեբեդը, ապա ոչ թե ստուգումներ պետք է անի, այլ եթե նախարարությունը հստակ, ռեալ աշխատող կառույց է, ինքը պետք է ուղղակի կանգնեցներ կոմբինատի աշխատանքը, մինչև այդ հարցը չլուծվեր: Ես այդպես եմ կարծում, որովհետև իսկապես սա շատ լուրջ, լրջագույն խնդիր է»,- շեշտեց բնապահպանը՝ հավելելով, որ այլապես ստացվում է, որ դու ստուգում ես իրականացնում, բայց դրան զուգահեռ շրջակա միջավայրը շարունակում է նույն տեմպով աղտոտվել:
Նա նաև հավելեց, որ ամենամեծ խնդիրը այն է, որ մինչ օրս ոչինչ չի արվել, հիմա էլ, փաստորեն, չի արվում, մեծ հույս էլ չեն ներշնչում ստուգումների արդյունքները, քանի որ, կրկնեց, եթե ստուգում ես, բայց դրան զուգահեռ թողնում, որ ախտոտումը շարունակվի ու հատկապես այն պարագայում, որ լավ գիտես, թե ինչ-ինչոց է, ապա այս ամենը ամենևին էլ հուսադրող չի: