01/04/2015 15:46
«Պատվո պահակ» ակցիային մասնակցում են մայրաքաղաքի ու մարզային դպրոցների աշակերտները
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկեց անմար կրակի մոտ աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս ակցիան իր բնույթով աննախադեպ է:
«Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել նաև պետական հանձնաժողովի կողմից և ապրիլի 1-ից մինչ ապրիլի 23-ը յուրաքանչյուր օր մեկ դպրոցի աշակերտներ ժամը 10-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթափոխով կոգեկոչեն իրենց լուռ, ձիգ կեցվածքով այն զոհերի հիշատակը, որոնց շարքերում կան իրենց տատերը, պապերը նախահայրերը»,– ասաց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ այս պոռթկումը, ցանկությունը մեծ կազմակերպչական և քարոզչական աշխատանք չէր պահանջում, բայց գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից, իսկ ծնողները միայն ողջունեցին այն։
Արմեն Աշոտյանը վստահ է, որ «պատվո պահակի» աշակերտների մոտ կա բավականին հուզմունք, ապրումներ, պատմական հիշողություն և սգո հետ շաղախված հպարտություն: «Նրանք մնում են մենակ, լուռ այն վայրի հետ, որտեղ շաղախված է, կենտրոնացված է ողջ հայության հիշատակն ու սուգը»,- հավելեց նախարարը:
Ծրագրում ներառված են ինչպես հատուկ դպրոցների, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներ: Ակցիային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային դպրոցների աշակերտներ:
«Նախատեսել էինք ծրագրին մասնակից դարձենլ միայն մայրաքաղաքային դպրոցները, սակայն մարզային դպրոցները ևս ցանկություն են հայտնել մասնակցելու և նրանք ևս հնարավոր է ներառվեն մի քանի ժամով»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ցանկություն կա ակցիան դարձնել ավանդական: Նա շեշտեց, որ ինքը «պատվո պահակ» է եղել խորհրդային միության տարիներին, դպրոցահասակ տարիքում, բայց անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ: «Նման արարողակարգ կա մի շարք երկրներում և այս ակցիան այնքան բնական էր և նույնիսկ մի քիչ ուշացած»,- ասաց Աշոտյանը: