01/04/2015 16:41
Պիպոյան. Ձվի շուկայում էական թանկացումներ չեն նկատվում
Զատկի տոնին ընդառաջ՝ ձվի շուկայում էական գնաճ չի նկատվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Վերջինս նշեց նաև, որ այս տարի հավկիթի ներկրում չի եղել։ Պիպոյանը փաստեց նաև, որ ձվի շուկան չի ուսումնասիրվում:
«Ցավով պետք է արձանագրենք, որ շուկան, այնուամենայնիվ, չի ուսումնասիրվում. Վաճառվում են չմակնշված հավկիթներ, որոնցից ամենևին էլ պարզ չէ՝ ինչ ծագում ունեն: Ասեմ ավելին` դրանց մեծ մասը ունեն մեծ աղտոտվածություն և հիմնականում վաճառվում են շուկայական տարածքներում»,- ասա նա։
Մասնագետը խորհուրդ է տալիս հավկիթ ձեռք բերելիս ուշադրություն դարձնել հատկապես արտաքին տեսքին ու աղտոտվածությանը, որի վաճառքն արգելված է անգամ օրենքով: «Կճեպի աղտոտվածությունը կարող է բերել լուրջ մանրէաբանական խնդիրների անվտանգության ցուցանիշների նկատմամբ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ժամկետանց ձվերին, ապա Պիպոյանն ընդգծեց, որ հին ձուն ևս վտանգավոր է մարդու առողջության համար: «Պետք է ինքնուրույն պաշտպանվել, որովհետև շուկան ինքնակարգավորմամբ է գնում զարգացման»,- եզրափակեց նա։