01/04/2015 17:33
ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, և այս առումով գործող պայմանները խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար: Այս մասին այսօր ՝ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով մի խումբ ջերմոցատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացրել են պտուղբանջարեղենի արտահանման ընթացակարգերի փոփոխությունները: Մասնավորապես ընդգծվել է, որ ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում և դրա համար նրանք որևէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, և ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է: Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական արտադրանքի խթանմանը, որակին, մրցունակությանը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող հարցեր: