01/04/2015 17:15
Վարդան Պետրոսյանի գործով նոր քրգործ է հարուցվել
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով՝ ինքը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին դիմում է հղել, որտեղ նշել է, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ Վ. Պետրոսյանի գործի շրջանակներում փաստաթղթեր են կեղծվել բժշկական կենտրոններում: «2015 թ-ի մարտի 19-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Կատարվում է նախաքննություն»,- ասաց փաստաբանը:
Ռ. Բալոյանը ասաց, որ խոսքը ալկոհոլի չարաշահման մասին է, թեև հակառակ կողմը հերքում է դա:
Ռ. Բալոյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանը ավելի քան մեկ տարի առաջ կարող էր հայտնվել ազատության մեջ, եթե իրենք չբողոքարկեին առաջին ատյանի որոշումը և դատավճիռ մտներ օրինական ուժի մեջ, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ նա գտնվում է անազատության մեջ, ապա դա տուժողների հետ չհաշտվելու հետևանք է, եթե նրանց կողմից այսքան բողոքներ չլինեին:
Հարցին՝ համաներմամբ Վ. Պետրոսյանի ազատ արձակվելը մեծ հավանականություն ո՞ւնի, Ռ. Բալոյանը ասաց, որ դեռևս համաներման որոշում չկա, եթե լինի էլ, ապա հարց է՝ դրանով Վ. Պետրոսյանը ազատ կարձակվի՞, թե ոչ: