01/04/2015 15:55
Տաքսիստներն ապրիլ ամսին բողոքի ակցիաներ չեն իրականացնի
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տաքսու վարորդները որոշ ժամանակով դադարեցնում են իրենց բողոք-ակցիաները, որոնք ուղղված են լիցենզավորման նոր կարգի դեմ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ակցիաները կդադարեցնենք մինչև մայիսի 1-ը: Մեզ տրանսպորտի նախարարությունից խնդրել են, որպեսզի ապրիլ ամսին բողոք-ակցիաներ չիրականացնենք. բազմաթիվ հյուրեր ենք ունենալու մայրաքաղաքում»,- ասաց նա:
Տիգրան Հովհաննսիայնն ընդգծեց, որ մարտի 15-ից սկսած՝ տաքսու վարորդների ցույցից անմիջապես հետո, վարորդների նկատմամբ ստուգայցեր են սկսվել, որի ընթացքում 50.000-ից ավելի տուգանքներ են կիրառել վարորդների նկատմամբ:
«Մենք մայիսի 1-ին կրկին դուրս ենք գալու և պահանջելու ենք, որպեսզի Տրանսպորտի և կապի նախարարությունը մեր ներկայացրած կետերը բավարարի: Մեր պահանջները գնալով շատանում են, քանի որ նրանք անգամ տաքսիների վրայի գովազդի համար են մեզ 30.000 դրամով տուգանում»,-հավելեց Տ. Հովհաննիսյանը:
«Անհատ տաքսու վարորդների» ՀԿ նախագահ Արսեն Պետրոսյանը էլ իր հերթին կոչ արեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը դադարեցնել այդ գործընթացը: Նա նշեց, որ արդեն 50 տաքսու վարորդ 50.000-ական դրամով արդեն տուգանվել է:
«Կառավարությանը հորդորում ենք մեկ ամսվա մեջ հաշվի առնել մեր ներկայացրած առաջարկություններն ու կետերը և լուծում տալ դրանց: Մինչև այսօր ոչ մի գործնական քայլ չեն կատարել, իսկ մենք կոտրած տաշտակի առջև ենք հայտնվելու»,-ասաց Պետրոսյանը: