01/04/2015 15:35
Ուրիխանյան. Ցավոք, պարբերաբար տեղի են ունենում մեր ազգին անհարիր լկտիություններ
Մարտի 30-ին Հյուսիսային պողոտայում մոտ 10 երիտասարդներ ծեծի են ենթարկել առաջին կարգի հաշմանդամություն ունեցող, երկու ձեռքերը անդամահատված Արտյոմ Առաքելյանին: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Facebook-յան իր էջում այս կապակցությամբ գրառում է կատարել.
«Այն, որ պարբերաբար տեղի են ունենում մեր ազգին անհարիր լկտիություններ, ցավոք, արդեն իրականության մաս է դարձել: Ցավոք, մեր հասարակության մեջ երբեմն հայտնվում են այնպիսի կենդանաբանական օրգանիզմներ, որոնց պահվածքը ուղղակիորեն վիրավորական է հայության համար: Այս խոսքերը գրում եմ լսելով, որ տաս հոգի մարդանման կերպարներ ծեծի են ենթարկել առաջին կարգի հաշմանդամ Արտյոմ Առաքելյանին, որի երկու ձեռքերն անդամահատված են, ընդորում այն պարագայում, երբ նա արդարացի դիտողություն է արել հանրային վայրում իրենց անպարկեշտ պահող լկտիներին: Ակնկալում եմ, որ իրավապահները շուտափույտ կբացահայտեն այդ հանցագործությունը, և հաշմանդամին ծեծի ենթարկողները խստագույնս կպատժվեն»,- մասնավորապես նշել է պատգամավորը: