01/04/2015 13:25
Տնտեսագետ. ԵՏՄ անդամակցության հետ կապված բոլոր խնդիրներն անցումային շրջանի են
Ներկայում ԵՏՄ անդամակցության հետ կապված բոլոր խնդիրներն անցումային շրջանի են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանից Հայաստան ժամանած տնտեսագետ Ազա Միգրանյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է ընդամենը երեք ամիս, և այս ժամկետը բավարար չէ, որ ասենք՝ առաջացող խնդիրները լուծելի չեն:
«Նման խնդիրներ եղել են Ռուսաստանի, նաև Ղազախստանի համար դեռևս 2010թ-ից, երբ սկսվեցին աշխատանքները»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ շուտով ԵՏՄ անդամ պետություններում բիզնեսմենների ֆորումներ են անցկացվելու, որոնց ընթացքում բարձրացվելու են բոլոր խնդիրներն ու առաջարկվելու են դրանց լուծումները:
Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Սվետլանա Գլինկինան ևս ընդգծեց, որ առաջացած խնդիրները մեկ րոպեում չեն լուծվում:
Նրա խոսքով՝ այսօր շատերը դժգոհում են, որ ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն է թողնում ԵՏՄ անդամ պետությունների վրա, սակայն անգամ եթե Հայաստանը կառույցի անդամ չլիներ, միևնույն է զգալու էր արժեզրկման հետևանքները:
«Հիմա այս հարցը դժվար է լուծել, որովհետև ամեն ինչ կախված է նավթի գներից»,-ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծման հավանականությանը` բանախոսները նշեցին, որ դա երկարատև գործընթաց է: