01/04/2015 16:24
«Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին ընթերցումով քննարկել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողներին և փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին, ինչպես նաև ԵՄ պրակտիկային: Առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատար Յոհան Քրիստոֆեր Ֆրանսը, ով մի շարք առարկություններ է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնակատարի առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի. ընդունելի լինելու դեպքում դրանք կներառվեն օրենքի նախագծում:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար: