02/04/2015 12:08
Էրդողանի և կառավարության անդամների միջև սառը պատերազմը վերածվել է թեժ պայքարի
Սպասելի և անսպասելի զարգացումներ՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Հետաքրքիր է, որ Էրդողանը միաժամանակ ցանկանում է չեզոքացնել ընդդիմադիր դաշտի բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև իր իսկ կուսակցության առավել հայտնի անձնաց:
Stratfor պարբերականը գրում է, որ «Զգալի են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան քաղաքական դաշտ բերած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների հարաբերություններում աճող լարվածության ազդանշանները: Շատ հարցերում դա նորմալ քաղաքականություն է, որը քչերին է հուզում: Բայց հիմա այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, մեծ նշանակություն ունի, և թուրքական մամուլում գերիշխում է Թուրքիայի կառավարության և խարիզմատիկ առաջնորդի միջև ճեղքվածքի հնարավորության մասին կարծիքը:
Todayszaman, Hurriyet Daily News պարբերականները տեղեկացնում են, որ ամեն ինչ սկսվեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչից, երբ վերջինս քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանին քրդական հարցի հետ կապված և շեշտեց, որ նախագահի լիազորության մեջ չի միտնում միջամտել կառավարության գործերին։ Այս հայտարարությունից հետո Անկարայի քաղաքապետը կոչ արեց Բյուլենթ Առընչին հրաժարական տալ։ Բյուլենթ Առընչը, սակայն, չի հանդարտվել և Անկարայի քաղաքապետին մեղադրել է ապօրինություններ իրականացնելու մեջ` անվանելով նրան անպատիվ անձ։ Թե Բյուլենթ Առընչը, թե Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեը հանդիսանում են Էրդողանի ստեղծած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ։
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի և Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքի նկատմամբ։
Նշվում է, որ Անկարայի քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել պաշտոնը չարաշահելու, իսկ փոխվարչապետի դեմ՝ հանցանքի մասին իմանալու և լռելու մեղադրանքներով։
The Economist պարբերականն անդրադառնալով Թուրքիայի փոխվարչապետի կողմից հնչեցված հայտարարությանը գրել է. «Առընչն արել է մի բան, որ Արդարություն և Զարգացում կուսակցության ոչ մի անդամ չէր համարձակվի անել` հրապարակայնորեն քննադատել է Թուրքիայի ավտոկրատ նախագահ Էրդողանին»:
Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, լարվել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ու երկրի վարչապետ Դավութօղլուի հարաբերությունները: Շատերի մտքով անգամ չէր անցնում, որ նրանց հարաբերություններում թաքնված լարվածությունն այսքան շուտ ջրի երես դուրս կգա:
Տարձայնությունները սկսեցին այն ժամանակ, երբ Էրդողանը թույլ չտվեց, որ ԱԶԿ-ի ընտրացուցակի պատրաստմամբ զբաղվի Դավութօղլուն: Էրդողանը Դավութօղլուին հանձնեց միայն նրա հայրենի Քոնիայի տարածաշրջանը: Չհաշտվելով վերջինիս որոշման հետ` Դավութօղլուն որոշեց Թուրքիայի նահանգները բաժանել երկու մասի: Դավութօղլուին բաժին ընկան այն նահանգները, որոնց հատկացված են պատգամավորական քիչ մանդատներ, իսկ ահա մեծ նահանգների թեկնածուների ցուցակը խմբագրելու է Էրդողանը:
Կարելի է եզրակացնել, որ Էրդողանի և կառավարության անդամների միջև սառը պատերազմը վերածվել է թեժ պայքարի: