02/04/2015 12:42
Ապրիլի 24-ին Հայաստանում կլինի նաև Լիբանանի արտգործնախարարը
Լիբանանյան «Monitor»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ առիթով Լիբանանի հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին: Այս մասին գրել է Ասպարեզը՝ վկայակոչելով Եռագույնին: Պարբերականը նշում է, որ ապրիլի 24-ին Երևանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգի նաև Լիբանանի արտաքին գործերի նախարար Ժպրան Պասիլը:
Նշվում է, որ Լիբանանի ղեկավար մարմինները հրավեր են ստացել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից՝ Գալիպոլլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ: Այս իրավիճակը ինչ-ինչ դժվարությունների է հանգեցրել լիբանյան քաղաքական բարձրաստիճան մարմիններին: Կառավարության մոտ կանգնած աղբյուրները պարբերականին տեղեկացրել են, թե Լիբանանի քրիստոնյաների, առավելապես հայերի՝ շահերը բարելավելու համար, իշխանությունները որոշել են, որ ապրիլի 24-ին Երևան կժամանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը: Իսկ, թե ովքեր են պատվիրակության կազմում ընդգրկված, պարբերականը չի մանրամասնում: Նշվում է նաև, որ Լիբանանի արտգործնախարարը ևս քրիստոնյա է, ով հակված է պաշտպանել հայերի շահերը:
Անդրադառնալով թուրքական կողմի հրավերին՝ պարբերականն ընդգծում է, որ հավանական է, որ մի պատվիրակություն էլ մասնակցի Թուրքիայի միջոցառումներին: Թուրքիայում Գալիպոլլի ճակատամարտին նվիրված միջոցառումներին էլ կմասնակցի Լիբանանի վարչապետը, ով սունի է և հակված է պաշտպանել սունիների շահերը: