02/04/2015 12:50
Կ. Նազարյան. Հայաստանը պատրաստակամ է ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունն ընդլայնել
Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կարեն Նազարյանը ներկայացրել է ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները:
Նա կարևորել է Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: