02/04/2015 11:03
Գ. Սահակյան. Հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել
Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետև Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԱԺ ղեկավարը խոսել է ՀՀ վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը:
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական և տնտեսական հարցեր: Գ.Սահակյանը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին: