Վ. Այվազյան. Իրանը երբևէ 189 դոլարից ցածր գնով Հայաստանին գազ չի առաջարկել
07/04/2015 16:55

Վ. Այվազյան. Իրանը երբևէ 189 դոլարից ցածր գնով Հայաստանին գազ չի առաջարկել

ԱԺ-ում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց հանձնաժողովի ծախսերից: Փաշինյանը նշեց, որ զեկույցում խոսք է գնում ինչ- որ նկարների և բույսերի մասին, բայց հանձնաժողովը կարող է, ուզում է ձեռք բերել Պիկասոյի նկար կամ թանկարժեք դեկորատիվ բույս, սակայն դա չի նշանակում, որ սպառողը պետք է այդ ծախսերի համար վճարի:

Ն. Փաշինյանը հետաքրքրվեց նաև հավելյալ աշխատողների ու աշխատակիցների աշխատավարձերից: «2014 թվականի միջանկյալ զեկույցում նշել էիք, որ դեռ պետք է հիմնավորվի Գազպրոմ Արմենիայի աշխատողների հավելյալ 1000 աշխատող ավելացնելու և մինչև 109 հազար դրամ աշխատավարձի ապահովումը: Հիմա ասում եք, որ աշխատավարձը ինչքան կուզեն, կվճարեն: Եթե պետք է վճարեն, այնքան որքան ուզեն,  ապա ինչո՞ւ էիք այն ժամանակ հայտարարում, որ պետք է հիմնավորվի, դեռ մի բան էլ կասկած տակ էիք դնում: Հիմա այս զեկույցում դա որևէ կերպ չեք հիմնավորելո՞ւ»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Ն. Փաշինյանը հետաքրքրվեց նաև իրանական գազից և ընդգծեց, որ ամբողջ աշխարհում տեղյակ են, որ ամենաէժան գազ արտահանողն Իրանն է: «Զեկույցում բառացիորեն նշվում է, որ իրանական գազի գները 15-17 տոկոսով ցածր են, քան՝ ռուսականը: Եթե այդքան էժան է, ինչո՞ւ ենք մենք գազ գնում Ռուսաստանից, և ոչ թե՝ Իրանից»,- հետաքրքրվեց Փաշինյանը, ով խոսեց նաև գազի կորուստների մասին:
«Եթե սխալ տպավորություն եմ ստացել զեկույցից, խնդրում եմ ինձ ուղղեք. չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ չեն գազային հաշվիչները ճիշտ հաշվարկում. Կորուստները մեծ են»,- ասաց նա:

Վարդան Այվազյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նկարները, բույսերը, որոնց մասին պատգամավորը հայտարարեց, դրանք ներառված չեն սակագնի աժեքի մեջ: «Բոլոր ծախսերը մանրամասն հաշվարկվել է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է աշխատողների թվաքանակին ու աշխատավարձին, ապա Վ. Այվազյանը պարզաբանեց, որ աշխատողների թվաքանակի բարձրացումը պայմանավորված  է գազամատակարարաման սուբյեկտների և սպառողների թվաքանակի ավելացմամբ:

«Դա իրականացվում  է դրան զուգընթաց»,- հավելեց նա՝ հստակեցնելով, որ պատկան մարմինները կարող են հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորություններ տալ, որպեսզի հանձնաժողովն այստեղ ևս համապատասխան վերահսկողություն սահմանի, իսկ առայժմ հանձնաժողովն այդպիսի լիազորություններ չունի:

Այստեղ Վ. Այվազյանին սկսեց հարցախեղդ անել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, սակայն նրանց խոսակցությանը միջամտեց ԱԺ փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովը, ով նկատողություն արեց Հ. Բագրատյանին՝ ուղղելով՝ Վ. Այվազյանը պատասխանում է Ն. Փաշինյանի հարցերին:

Իսկ Վ. Այվազյանը շարունակելով անդրադարձավ նաև իրանական գազին և կմկմալով մանրամասնեց, թե ինքը չի գտնում՝ իրանական գազն աշխարհում ամենաէժանն է. «Ասում են, որ Իրաքում և Քուվեյթում են ամենաէժան նավթն արդյունաբերում, բայց դա չի նշանակում, թե նավթի գինն այդ երկրներում ամենաէժանն է: Համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով, Իրանը երբևէ  189 դոլարից ցածր գնով Հայաստանին գազի չի առաջարկել: Իսկ ինչ-որ եղել է նախկինում, դա եղել է երկուստեք պայմանավորվածությամբ: Այսքինքն, եթե Իրանը հայտարարի, որ կարող է Հայաստանին տալ ավելի մատչելի գնով գազ, դա կարող է լինել այլ ճանախպարհով»,- նկատեց Վ. Այվազյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանն էլ բացի ԵՏՄ անդամ երկրներից, մնացած բոլոր երկրներին գազը վաճառում է  համեմատաբար ավելի թանկ գներով: «Մյուս երկրներից Ռուսատանը գանձում է նաև մաքսատուրք»,- հավելեց նա:

Վ. Այվազյան. Իրանը երբևէ 189 դոլարից ցածր գնով Հայաստանին գազ չի առաջարկել