14/04/2015 18:55
Սկանդալային սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր նախագիծ է սկսում
«Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը», «Դժբախտ երջանկություն», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի». սրանք սցենարիստ Դիանա Գրիգորյանի հեղինակած և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեյտինգային նախագծերն են: Life.panorama.am-ը վերջերս տեղեկացավ, որ պատրաստվում է հերթական նորությունը, որն իր տեսարժանությամբ չի զիջի նախորդներին:
«Այժմ հաղորդաշար ենք պատրաստում: Դեռևս փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ ինտրիգ ստեղծել, այլ ուղղակի հստակեցնելու շատ բաներ կան, չեմ ցանկանում թյուր ինֆորմացիա տրամադրել: Միայն կասեմ, որ այս հաղորդաշարի նշանաբանը հայի ժպտացող աչքերն են… Սա համամարդկային նախագիծ է լինելու»,- նշել է Դիանա Գրիգորյանը:
Հարցին, թե արդյոք նոր նախագիծը կարժանանա՞ «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդաշարի հաջողությանը, և արդյոք ֆորմատային, բովանդակային նմանություններ կա՞ն, Դիանա Գրիգորյանը պատասխանել է.
«Կարծում եմ՝ կարժանանա ավելիին: Իսկ միմյանց նման կլինեն միայն նրանով, որ երկու դեպքում էլ գործ ունենք միայն հայի հետ: Այն ժամանակ խոսում էին, որ ամեն ինչ իրական չէ, դերասաններ են հանդես գալիս և այլն: Սակայն այդ խոսակցությունները իրականությանը չէին համապատասխանում, այնտեղ մտացածին ոչինչ չկար, չի՛ լինի և այս նախագծում: Ամեն ինչ իրական է լինելու: Այնպես, որ միակ ընդհանրությունն այն է, որ այստեղ ևս մասնակիցները լինելու են միայն հայ, պատմություններն էլ՝ իրական»:
Հաղորդաշարը եթերում կհայտնվի հավանաբար մայիսին: Որքան հաջողված և ռեյտինգային են Դ. Գրիգորյանի նախագծերը, նույնքան քննարկվող են ու սկանդալային: Հետաքրքիր էր իմանալ՝ կարժանանա՞ նոր նախագիծը նույն ճակատագրին:
«Եթե ինչ-որ բան հաջողված է լինում, ապա պարտադիր աղմուկ է հանում: Հակառակ դեպքում այդ մասին չես լսում, չկա գործ, որ հաջողված լինի, բայց միևնույն ժամանակ քննադատված չլինի: Ամենավատ բան այս կյանքում անտարբերության մատնվելն է: Աստված չանի, որ քո մասին չխոսեն թե՛ վատը, թե՛ լավը: Երկուսին էլ պետք է պատրաստ լինես. լավ խոսքերից պետք է շոյվես, բայց չմեծամտանաս, որ գործդ չտուժի, իսկ վատ խոսքերը սրտիդ շատ մոտ չընդունես: Պետք չէ չարանալ: Ես միշտ նշում եմ. եթե իմանամ, որ մարդը իր չարությունը իմ վրա թափելով՝ ձերբազատվում է չարից և այլևս շրջապատի վրա չի չարանա, ապա ուրախ եմ, թող դուրս գա»,-մեկնաբանել է Դիանա Գրիգորյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: