16/04/2015 19:22
Հրամանատարական և շարքային անձնակազմը ճիշտ է ընկալում իր առջև դրված խնդիրները. ՊԲ
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի զորամասերի ներգրավմամբ՝ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից, զորավարժությանը հետևել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներ և հրավիրվածներ:
Նախքան նշված միջոցառման մեկնարկը զորավարժարանին կից տարածքում ցուցադրվել են մի շարք զորատեսակների և ծառայությունների կողմից բացազատված ուսումնական կետերը, որի ընթացքում ներկաները ծանոթացել են ինչպես ըստ ուղղությունների ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, այնպես էլ մարտական կարևորության որոշ նորությունների:
Այնուհետև ղեկավարման կետում ծավալված մանրակերտի վրա միավորման հրամանատարը ներկայացրել է զորավարժության համար ստեղծված նախնական իրադրությունը և ըստ այդմ սպասվող զարգացումների հաջորդականությունը:
Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն նմանօրինակ այլ միջոցառումների, զորավարժության ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Մարտաուսումնական գործողությունների ընթացքից պարզ երևացել է, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարում են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ և առանց նշանակալի թերացումների: Հատկապես առանձնացման արժանի է զորատեսակների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը:
Ընդհանրացնելով մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության արդյունքները, կարելի է միանշանակ փաստել, որ մասնակից զորամասերի հրամանատարական և շարքային անձնակազմը ճիշտ է ընկալում իր առջև դրված խնդիրներն ու պահանջները և դրանք իրականացնում է բարձր պատասխանատվությամբ: Միաժամանակ զորավարժությունը ցույց է տվել, որ այն բացի մասնակից զորամասերի ունեցած մարտական հնարավորությունների ստուգատես լինելուց, նաև այդ հնարավորությունները կատարելագործելու լավագույն միջոց է: