16/04/2015 20:19
Ֆրանսիահայ օպերային երգիչը Ծիծեռնակաբերդում կկատարի Կոմիտասի «Տեր ողորմեան»
Ապրիլի 17-ին` ժամը 19:00-ին, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կմեկնարկեն ֆրանսիահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Բարրոն:
Նրա խոսքով՝ Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ կհնչեն Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:
Ա. Բարրոն ասաց, որ պատահաբար է իմացել «Մանջութ» գործիքի մասին և հետաքրքվել դրանով, իսկ երբ Մանուկ Հարությունյանի հետ կապ է հաստատել, նա մեծ սիրով համաձայնվել է համագործակցել:
Ա. Բարրոյի միջոցառումների շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Փարիզում:
Հարցին՝ ինչն է իր անվան փոփոխության պատճառը, Ա. Բարրոն պատասխանեց, որ Մուրադ անունը ունի թուրքական ծագում, իսկ ինքը չի ցանկանում այդ անունով հանդես գալ, քանի որ Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Նա ասաց, որ իր նախնիները ևս տեսել են Ցեղասպանությունը և ինքը այժմ աշխատանքներ է տանում նաև դրա վերաբերյալ ամբողջական փաստաթղթեր հավաքելու ուղղությամբ:
«Տատիկս ասում էր, որ գնանք մեր տունը, իմ պահած ոսկով կուժի տեղն էլ ցույց կտամ»,-ասաց նա: