16/04/2015 19:35
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը
Ավան համայնքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից: 31 841 քմ ընդհանուր մակերեսով համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ: Նախագծի համաձայն, ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո, հիշյալ տարածքում կարճ ժամանակահատվածում կկառուցվի նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված 5500 քմ պուրակը: