16/04/2015 16:49
Հունան Պողոսյանը հակագազ տանը չունի, յոդ, բնականաբար, կա
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հակագազ տանը չունի, յոդ , բնականաբար, կա, իսկ սոդան տնային տնտեսուհուն պետք է հասցնել, սակայն հեղափոխության, իհարկե, չի պատրաստվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հ. Պողոսյանը՝ ի պատասխան հարցին, թե եթե իր տանը խուզարկություն կատարվի, արդյոք Հիմնադիր խորհրդարանի անդամների տան նման չի՞ հայտնաբերվի սոդա, հակագազ, ջերմուկի շիշ ու յոդ:
Նա ասաց, որ դեմ չի լինի խուզարկության, եթե դառնա քրգործի սուբյեկտ:
Հ. Պողոսյանը ասաց, որ ՀԽ անդամների քրեական գործի հարուցումը ոստիկանությունում չի եղել, իսկ Հիմնադիր խորհրդարանի անձանց կալանավորելու հարցով պետք է դիմել Քննչական կոմիտեին, քանի որ ՀԽ անդամների քրեական գործի հարուցումը ոստիկանությունում չի եղել, իսկ իրենք ընդամենը սահմանված օրենսդրական կարգով աջակցել են խուզարկության համար:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ոստիկանությունը ծառայում է իշխանություններին և ասաց, որ հակազդում են բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց օրենքից վեր դասել:
Հ. Պողոսյանը ասաց, որ ծանոթ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցին, որտեղ քննադատվել է ոստիկանության աշխատանքը՝ նշելով, որ իրենք սերտ կերպով համագործակցում են ՄԻՊ գրասենյակի հետ, իսկ իրենց մոտ առկա խնդիրները իրենց համար ամենաշատ տեսանելին են, ինչպես նաև ակնհայտ է, որ ոստիկանությունը փոխել է իր աշխատաոճը:
«Համեմատելու նախորդ տարիների հետ՝ ոչինչ չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ անում են՝ ծեծը բացառելու համար և հաստատ է, որ ծեծը հավասարեցված է համարյա զրոյի»:
Ի պատասխան հարցին՝ կան նորություններ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու գործով, նա ասաց, որ այդ գործերը նախաքննության ընթացքի մեջ են, և այս պահի դրությամբ բացահայտման հարցով ոչինչ չունի ասելու, ուրախացնելու: