16/04/2015 18:08
Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: ԱԳՆ-ից հաղորդում են, որ ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի և նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան նախարարը ընդգծել է, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Մարտին Պետցոլդը իր հերթին նշել է, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան և նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները: Պատգամավորները տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, և դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։