17/04/2015 12:05
Կարծիքներ. 12-ամյա կրթությունը չպետք է լինի պարտադիր
Կրթության կազմակերպման մեջ արմատական փոփոխություններանելու կարիք կա: «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Մինչև 19 տարեկան հասակը երիտասարդների կրթություն ստանալու պրոցեսի մեջ լինելը, շարունակեց խոսքը Ա. Բախշյանը, շատ օգտակար է՝ ապագայում այնպիսի քաղաքացիներ ունենալու համար, ովքեր հույսը իրենց ու իրենց կրթության վրա, բայց.
«Կարծում եմ, որ օրենքն ընդունելով՝ իշխանությունները ստանձնում են շատ լուրջ պատասխանատվություն ներդրումներ անելու ոլորտում, իսկ լուրջ ներդրումներ պետք է լինեն թե՛ ֆինանսների, թե՛ կրթական նոր մեխանիզմներ ներդնելու տեսանկյունից:
Ա. Բախշյանը կարծում է, որ դպրոցներում երեխաները պետք է մոտիվացիա ունենան՝ «իմ ապագան, ես ապագայում պետք է այս գործը անեմ, դրա համար պետք է սովորեմ»:
Քննարկմանը մասնակվցում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծիք հայտնեց, որ 12-ամյա պարտադիր կրթությունը սահմանադրական պահանջ է. Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված է, որ պարտադիր կրթության մակարդակը կարող է օրենքով բարձրանալ:
«Եթե մի պահ թողնենք օրենսդրական հիմնավորումը և փորձենք հասկանալ, թե ինչով ենք ապահովում մեր երեխաների ապագան, ապա պետք է ասենք, որ հենց օրենքը նպաստում է դրան, քանի որ 9-ամյա պարտադիր կրթական ցենզը չի կարող ապահովել մեր աշակերտների մոտ հետագայում սովորելու ցանկություն ունենալու դեպքում այն կրթական մակարդակը, որից հետո պիտի կարողանան շարունակել մասնագիտական կրթություն ստանալը»,-ասաց Ռ. Մուրադյանը:
Իսկ ահա կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ով կողմ է 12-ամյա կրթությանը, բայց դեմ է դրա պարտադիր բաղադրիչին, ասաց, որ երբ կրթության այդ տարբերակը դառնում է պարտադիր, դպրոցը երեխաների համար դառնում է ժամանակավոր պահման վայր, որտեղ երեխաները պետք է ֆիզիկապես ներկա լինեն, ոչ թե սովորեն:
Հիշեցնենք, որ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների համաձայն 2017-ից 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև 19 տարեկան աշակերտների համար: