17/04/2015 15:00
Ալ. Արզումանյան. Պետք է ԵՏՄ մեր եղբայրներից նեղանանք, ոչ թե՝ Մերկելից կամ մյուսներից
Որևէ կասկած չկա, որ Թուրքիան վերանայելու է իր դիրքորոշումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Պետք է ընդգծել, որ ապրիլի 24-ով ամեն ինչ չի վերջանում, պայքարը շարունակական է լինելու, և մի օր Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ այսօր Թուրքիայում շատերն ուղղակի չգիտեն իրենց իրական պատմությունը, բայց ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի:
«Թուրքիայի հասարակությունը փոխվում է, մենք էլ պետք է մտածենք, որ ինչպես Սովետական միությունն է մեր ուղեղները 70 տարի լվացել, այնպես էլ եղել է Թուրքիայում: Մի օր Թուրքիայի հասարակությունը կառողջանա»,- ասաց Ալ. Արզումանյանը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այսօր մենք քննարկում ենք՝ կասի՞ ԱՄՆ նախագահը Ցեղասպանություն բառը, թե՞ ՝ ոչ, միևնույն ժամանակ չիմանալով՝ Պուտինն օրինակ կլինի՞ Հայաստանում ապրիլի 24-ին:
«Մենք պետք է պահանջենք, որ ԵՏՄ անդամ մեր եղբայրները գան Հայաստան: Պետք է Նազարբաևից նեղանանք, ոչ թե Մերկելից և մյուսներից, որոնք այսօր մեզ դաշնակից պետություններ չեն»,- ամփոփեց բանախոսը: