17/04/2015 20:16
Անչելոտի. Ե´վ ես, և´ Կասիլյասը հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» կլինենք
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
«Հաջորդ մրցաշրջանում ես և Իկեր Կասիլյասը, ինչպես նաև այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր լավ են հանդես գալիս, կրկին «Ռեալում» կլինենք։ Այս պահին այդ առնչությամբ հարցերը կարևոր չեն։ Բոլորս կենտրոնացած ենք չեմպիոնական մրցավազքի, հանդիպումների վրա, որը շատ ավելի մեծ նշանակություն ունի»:
Անդրադառնալով կորուստներին՝ իտալացի մասնագետն ասել է.
«Բոլոր խաղացողներն իրենց համարժեք փոխարինողներն ունեն։ Օրինակ, Իսկոն թարմ է ու պատրաստ, ես կարող եմ նրան ցանկացած պահի դաշտ դուրս բերել։
«Մալագայի» դեմ առաջիկա խաղում պետք է անպայման հաղթենք, որ կարողանանք շարունակել պայքարը չեմպիոնության համար, այն նախատեսված չէ խաղաժամանակի պակաս ունեցող ֆուտբոլիստներին րոպեներ նվիրելու համար։ Կոենտրաուն, օրինակ, չի խաղա»,- ասել է Անչելոտին ու ավելացրել, որ չի պատրաստվում հետևել «Բարսելոնայի» և «Վալենսիայի» խաղին, դրա փոխարեն պատրաստվում է կինոթատրոն գնալ։