17/04/2015 13:19
Լ. Զուրաբյանի պահանջները եվրոպացիներից զարմացրեցին Թևան Պողոսյանին
ԵՄ հետ հարաբերությունների ձախողման գործընթացից Հայաստանը պետք է երկու դաս քաղի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` «Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» խորհրդարանական լսումների ժամանակ:
Առաջին դասը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ իշխանությունները պետք է կանխատեսեին, որ ոչ մի դեպքում համագործակցությունը չպետք է դառնար հակամարտության առիթ Արևմուտքի և ՌԴ միջև: Դրա համար ընդամենը պետք էր նախաձեռնել Բրյուսելի ու Մոսկվայի միջև դիվանագիտություն` հասկանալով, որ պետք է կանխատեսել՝ որոշակի զարգացումներ կարող էին մտնել ուղիղ հակասության մեջ ՌԴ շահերի հետ.
«Եվ եթե դա հաշվարկվեր ու քայլեր ձեռնարկվեին, ապա այսօր կունենաինք առաջընթաց ԵՄ հետ հարաբերություններում և ոչ թե առկա կոնֆրոնտացիան»:
Երկրորդ դասը, շարունակեց Լ. Զուրաբյանը, այն է, որ ԵՄ-ն շատ է խոսում եվրոպական արժեքների վրա հարաբերությունը կառուցելու մասին, իսկ դա նշանակում է, որ Եվրոպան լրջագույն աջակցություն պետք է ցուցաբերի այդ արժեքների հաստատման համար: Բայց այսօր, համաձայն եվրոպական զեկույցների, նշվում է, որ Հայաստանում «սահմանափակ առաջընթաց է» արձանագրվել մի շարք ոլորտներում.
«Բայց ես կարող եմ ասել, որ ոչ թե սահմանափակ առաջընթաց է արձանագրվել 2014թ-ին, այլ հակառակը` բացարձակ հետընթաց է արձանագրվել բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը` մատնանշելով, որ իշխանությունների անօրեն գործողությունները, որոնք հենց դրա պատճառն էին, բերեցին նաև ԲՀԿ-ի հետ վերջին զարգացումներին: Եվ Լ. Զուրաբյանը պահանջեց, որ Եվրոպան հստակ արձանագրի, որ իրավիճակը Հայաստանում կտրուկ վատթարացել է հատկապես մարդու իրավունքների ոլորտում:
Անկախություից ի վեր, շարունակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինան խարսխված է եղել այն կոնցեպցիայի վրա, որ պետք է զարգացնել հարաբերությունները բոլոր ազիմուտներով` համագործակցություն ՌԴ, ԱՄՆ, ԵՄ հետ, ինչպես նաև ջանքեր գործադրել բարելավելու մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: ԵՄ-ն ՀՀ ամենակարևոր գործընկերներից մեկն է և մենք ունեցել ենք համագործակցության մի շարք փուլեր, որոնք բավականին հաջող էին ընթանում` սկսած 90-ականներից: Բայց այսօր, ըստ Լ. Զուրաբյանի, խնդրի առաջ ենք հայտնվել, քանի որ իր նշված դասերը չեն քաղվել:
Ի դեպ, Լ.Զուրաբյանի ելույթից հետո «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը զարմանքով հայտարարեց, որ
Լ. Զուրաբյանն այստեղ պահանջներ է ներկայացնում ԵՄ-ին, սակայն ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ չգիտես ինչու կողմ քվեարկեց.
«Զարմանալի է. դե գնացեք ՌԴ հետ սոցիալիզմ կառուցեք, ԵՄ-ին էլ պահանջներ ներկայացրեք»,- ռեպլիկի կարգով հայտարարեց նա, սակայն Լ, Զուրաբյանը արդեն դահլիճում չէր ու քննադատությունը չլսեց: