17/04/2015 20:00
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Գևորգ Մանուկյանը՝ Մուշի գավառի Խարաբաշեհիր գյուղի կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Վերապրած Գևորգ Մանուկյանի վկայությունը Մուշի գավառի Բուլանըխ գավառակի Խարաբաշեհիր գյուղի կոտորածների մասին.
«Գյուղը զուտ հայաբնակ էր՝ 90 տուն, 1400 բնակիչներով: Գյուղը ուներ 2000 ոչխար, 1000 տավար, 150 գոմեշ, 30 ձի, 18000 փութ գարի, կտավատ՝ 1000 փութ: Գյուղը ուներ քարից շինած հասարակ եկեղեցի, մի երկդասյան դպրոց, մի ջրաղաց մի քարով: Գյուղն այժմ հիմնովին ավերակ է: Հայերի զորաժողովը թուրքերի կողմից կատարվեց պատերազմը հայտարարելուց առաջ և բռնի ուժով: Բռնի կերպով գրավել է տավարի 1/3 մասը և մյուս տնային իրերի 1/2-ը, օրինակ՝ յուղ, պանիր, կաշի և այլն, որոնց դեմ չի տրվել ոչ մի ստացական, միայն հավաքող պաշտոնեական ցուցակագրել է իր վերցրածը իր մոտ եղած տոմարում: Գյուղից տարել են բոլոր պատահող տղամարդկանց, որոնց շալակով տեղափոխել են տվել զինվորական ապրանք մի վայրից մյուսը: Ամեն մեկի շալակը բարձել են մեկից մինչև երկու փութ:
Նմանապես տղամարդկանց տարել են՝ դիրքեր փորելու համար աշխատացնելու: «Պետելով» ազատվել են գյուղից մինչև 140 մարդ՝ վճարելով 35-55 ոսկի: Գյուղում կատարվել է «նվիրատվություն» երեք անգամ և հավաքվել է ամեն ընտանիքից 1-ից մինչև 18 ոսկի: Երեք անգամին հավաքվել է ավելի քան 3000 ոսկի: Գալիք աղետը զգացվեց պատերազմը հայտարարելուց մի ամիս հետո: Միաժամանակ, գյուղի երիտասարդները և առհասարակ տղամարդիկ գիշերները պահպանում էին գյուղը և ընդհանրապես ցերեկն էլ շատ զգույշ էին մնում:
Բացարձակ թշնամություն և ջարդ սկսվեց 1915 թ. փետրվար ամսին և կրում էր մասնավոր բնույթ: Ընդհանուր ջարդ սկսվեց ապրիլ ամսին:
Ջարդը սկսվեց «Համիդիէ» զորքի ձեռքով և թուրք օֆիցերների հրամանատարության ներքո: Թալանին և կոտորածին մասնակցում էին հարևան գյուղերի թուրքերը և քրդերը: Գյուղում կոտորած են 20 հոգի. Ճանապարհին՝ մինչև սահման հասնելը, գաղթի ժամանակ սպանվեցին 4 հոգի, հիվանդությունից մեռան 10 հոգի, բացի այդ, զինվոր գնացած էին 18 հոգի, որոնցից ոչ մի լուր չկա: Ջարդում էին գլխավորապես տղամարդկանց և տղաներին: Բռնի մահմեդականացում պատերազմը հայտարարելուց հետո չի եղել: «Համիդիէյի» այն զորքերը, որ կատարել են գյուղում ջարդն ու թալանը, իր մեջ չեն ունեցել գերման օֆիցեր: Ժողովուրդը այժմ ցրված է Կովկասի զանազան վայրերում և ապրում է շատ աղքատ վիճակի մեջ: Շարժական ամբողջ կայքը, չնչին բացառությամբ, թալանված է համիդիէցի քրդերի և թուրքերի ձեռքով:
Շատ չնչին մի մասը, այն է, մի քանի կտոր շորեր, հազիվ կարողացել են բերել իրենց հետ: Անշարժ կայքը այրված և ոչնչացրած է, քանդված է նմանապես գյուղի եկեղեցին և դպրոցը: Գաղթը սկսվեց հանկարծակի և գաղթող ժողովրդի մեջ տարածվեցին հիվանդություններ: Գաղթողներից հայրենիք վերադարձողներ եղան 5 հոգի, որոնք չկարողանալով ապրել գյուղում, նորից վերադարձան Կովկաս»: