17/04/2015 11:03
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Օբաման չի արտաբերի Ցեղասպանություն եզրույթը
Միացյալ Նահանգների նախագահն այս տարի ևս չի արտաբերի «Ցեղասպանություն» եզրույթը: Հինգշաբթի օրը Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթն լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցերին, հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություն չկա:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն ու վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1.5 միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան է ենթարկվել, սակայն նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնը կմնա նաև այս տարի։
«Մենք ընդգծել ենք, որ ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը»,- հայտարարել է նա:
Խոսնակը շեշտել է, որ ԱՄՆ նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս կապակցությամբ և անդրադառնում է այդ ահավոր պատմական իրադարձությանը, սակայն այս տարի ևս ԱՄՆ-ի չի փոխի իր քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին համանման հայտարարությամբ էր հանդես էր եկել նաև Միացյալ Նահանգների ԱԳՆ խոսնակ Մարի Հարֆը: