17/04/2015 12:20
Դիտարկվում է նաև ԱԱՀ դրույքաչափի վերանայման հարցը
Հարկային նոր օրենսգրքի նախագծի մշակման շրջանակներում ֆինանսների նախարարությունում դիտարկվում է նաև ավելացված արժեքի հարկի դրույքաչափի վերանայման հնարավորությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարկատեսակը լուրջ դերակատարություն ունի պետության ֆինանսական միջոցների ձևավորման գործում, անհրաժեշտ է համարվում հնարավոր փոփոխությունները քննարկել տնտեսական գործընթացների և բյուջեի եկամուտների համատեքստում։
Գաղտնիք չէ, որ ԱԱՀ դրույքաչափը Հայաստանում բավականաչափ բարձր է։ Չնայած տարիներ շարունակ խոսվում է դրա նվազեցման անհրաժեշտության մասին, այնուհանդերձ այդ ուղությամբ գործնական քայլեր հիմնակնում չեն իրականացվել։
Մտահոգություններն անշուշտ հասկանալի են։ Ավելացված արժեքի հարկը ապահովում է պետական բյուջեի եկամուտների 40-45 տոկոսը։ Այս առումով դրույքաչափի ցանկացած փոփոխություն խիստ ռիսկային է համարում, եթե այն չպիտի փոխհատուցվի տնտեսության աշխուժացման հաշվին։
Մյուս կողմից՝ ավելացված արժեքի հարկից մեծ է ոչ միայն պետական բյուջեի, այլև տնտեսության կախվածությունը։ ԱԱՀ բարձր դրույքաչափը, մեղմ ասած, այնքան էլ չի նպաստում տնտեսական գործունեությանը։ Հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը, գործող կառավարությունը կարծես ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել այդ խնդրին, քան նախորդները։ Պատահական չէ, որ ձեռնարկված քայլերի արդյունքում ընդլայնվեց ԱԱՀ հարկի վճարման հետաձգման արտոնությունից օգտվողների շրջանակը։
Ընդհանրապես հանվեցին նախկին սահմանափակումները, որոնք այդպիսի հնարավորություն էին նախատեսում միայն խոշոր բիզնեսի համար։
Ավելացված արժեքի հարկի ճնշումը որոշ չափով թեթևացավ նաև ԵՏՄ-ին անդամագրմամբ։ Սակայն դրանով հանդերձ, հարկի բարձր դրույքաչափը շարունակում է պահպանվել։
Կառավարությունը դեմ է, որպեսզի այս հարցում տարբերակված մոտեցում կիրառվի։ Խոսքը մասնավորապես առանձին ապրանքների վերջնական սպառման նկատմամբ դրույքաչափը նվազեցնելու մասին է։ Գործադիրի կարծիքով, նման մոտեցումն ամենևնի էլ չի հանգեցնում ինչպես այդ ոլորտներում խթաների ստեղծմանը, այնպես էլ գների նվազեցմանը։ Խնդիրն այն է, որ դրանց արտադրության համար օգտագործվող նյութերը շարունակելու են հարկվել նույն 20 տոկոս դրույքաչափով։ Ուստի ավելացված արժեքի հարկի դրույքաչափի նվազեցման հնարավորությունը կառավարությունը նպատակահարմար է համարում դիտարկել ԱԱՀ-ի հարկման համակարգում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում։