17/04/2015 15:25
Արամ Մանուկյանին հարվածելու գործով մեղադրյալը լիովին ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով դատավարության ընթացքում մեղադրյալ Արշակ Սվազյանը ասաց, որ լիովին ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատական նիստից հետո լրագրողների հարցին՝ եթե ՀՀ նախագահին վիրավորելու կամ հայհոյելու վերաբերյալ այլ տեսանյութ դիտի, պատրաստ է այդ հայհոյողներին էլ ապտակել, պատասխանեց, որ այո:
«Նա իմ գերագույն հրամանատարն է, իմ նախագահն ա»,- ասաց նա:
Ա. Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անիմաստ է շատ լուրջ վերաբերվել այս դատավարությանը, քանի որ նախապես գծված սեցնարը քայլ առ քայլ իրականացվում է, ինչպես նաև զարմանք հայտնեց դատախազի պահելաձևի վերաբերյալ:
«Ես երբեք չեմ տեսել, որ տուժողի շահերը պաշտպանողը համահունչ կերպով պաշտպանում է նաև ամբաստանյալի պաշտպանի դիրքորոշումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ 41-ամյա Արշակ Սվազյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 Հոդվածի հատկանիշներով: