17/04/2015 11:46
Արամ Մանուկյանի գործով դատավորը գնաց խորհրդակցական սենյակ
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով դատավարությունը:
Ըստ Արշակ Սվազյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 Հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում ամբաստանյալ Արշակ Սվազյանը հայտնեց, որ նախկինում երկու անգամ դատապարտվել է:
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ, դա հիմնավորելով նախաքննական մարմնի անգործությամբ:
Նա ասաց, որ իրենք չենք բացառում, որ բացի մեղադրյալից լինեն նաև այն մեղավորներ, սակայն դատախազը այս ուղղությամբ աշխատանք չի կատարել:
Ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանը ասաց, որ պաշտպանը իր միջնորդոթւյունը չի հիմնավորել: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: