17/04/2015 16:35
Թ. Պողոսյան. Անհասկանալի է, թե ինչու ՀՀ նկատմամբ ԵՄ-ն ճկուն չէ
Ազգային Ժողովում այսօր կազմակերպված խորհրդարանական լսումները, նվիրված մայիսի վերջին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին, անցան թեթևակի, բայց լարված մթնոլորտում: Մինչ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պահանջներ էր ներկայացնում եվրոպացիներին, թե ինչու նրանք չեն արձանագրում, որ Հայաստանում բոլոր ոլորտներում հետընթաց է և դա հատկապես զգացնել իրեն տվեց անցած տարվանից սկսած, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը այլ հարցադրումներով հանդես եկավ. ինչո՞ւ 2013 սեպտեմբերից 2014թ-ի հոկտեմբերը ԵՄ կողմից ոչինչ չարվեց:
«Այդ մեկ տարվա ընթացքում Հայաստանը մի քանի անգամ իր պատրաստականմութունը հայտնեց ԵՄ-ին՝ քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար, և ԵՄ-ն ուներ այդ շահը: Բայց ինչո՞ւ սայյլը տեղից այդպես էլ չշարժվեց»,- հետաքրքրվեց նա: Թ.Պողոսյանն ընդգծեց, որ երկու կողմն էլ սպասում էին ինչ-որ իրադարձությունների, մինչդեռ իրականությունը նրանում է, որ Հայաստանն ուներ անվտանգության հարց, որը Արևելյան գործընկերության կամ ԵՄ հարևանության ծրագրերի երկրներից ոչ մեկում չէր կարգավորվել:
«Հիմնականում ԵԽ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են այն երկրները, որոնք արդեն ունեին տարածքային խնդիրներ: Ուկրաինայում տեսանք, թե ինչ եղավ, տեսնում են նաև, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Բացի այս, Թ.Պողոսյանին հետաքրքրում էր, թե ինչու վեց ամիս էլ ձգձգվեց Հայաստան-ԵՄ մտքերի փոխանակման քաղաքականությունը, ինչն իր համար ուղղակի անհասկանալի է.
«Պաշտոնապես հայտարարվում էր, որ ժամանակ է անհրաժեշտ ԵՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ համագործակցության եզրերը գտնելու համար, բայց դա ինձ համար անհասկանալի է՝ ինչ է, ստորագրել ենք փաստաթուղթը, բայց նոր ուզում ենք հասկանալ, թե որոնք են խոչընդոտնե՞րը»:
Արձագանքելով Թևան Պողոսյանին՝ ՀՀ փոխարտգործնախարարԿարեն Նազարյանն ասաց, որ ձգձգման խնդիրն ընդամենը մի շարք երկրներում և Եվրախորհրդարանում ընթացող նոր ընտրություններն էին: Բայց Թ.Պողոսյանին դա չգոհացրեց, նա տարակուսեց՝ եթե ԵՄ-ն խոսում է ճկունության մասին, բայց չգիտես ինչու Հայաստանի պարագայում դա չաշխատեց, իսկ ահա Ուկրաինայի պարագայում ճկուն էին, քանի որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրվեց, հետո էլ տնտեսականը իրեն սպասեցնել չտվեց:
«Ես հույս ունեմ, որ Ռիգայից կվերադառնանք գործնական ծրագրերով, թեև ես, կարծում եմ, որ խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք, քանի որ հայտարարություններից դուրս ներքին տեղաշարժեր ես, ցավոք, չեմ տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացվում են, բայց եվրոտեսլականը չի էլ քննարկվում: