17/04/2015 13:35
Սոլակ գյուղում բրուցելոզ հիվանդությունը տարածման միտում չունի
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում բրուցելոզ հիվանդությունը տարածման միտում չունի: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանը՝ հավելելով, որ հիվանդությունը նկատվել էր դեռ նախորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ այսօր Հայկական ժամանակ օրաթերթը գրել էր, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին:
Գյուղապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր օպերատիվ միջոցառումներն իրականացվել են՝ հիվանդությունը կանխելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է հարցին, թե բնակիչներից քանիսի մոտ է նկատվել բրուցելոզի համախտանիշ, գյուղապետը նշեց, որ միայն երկուսի մոտ.
«Նրանք ուղարկվել են հիվանդանոց հետազոտման: Այլ բնակիչների մոտ չի նկատվել, չի էլ կասկածվում: Միայն երկուսի մոտ էր կասկածվում, բայց դեռ չի հաստատվել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նրանք այս պահին գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ համապատասխան արյան անալիզներ են հանձնում:
Բ. Սարգսյանի խոսքով՝ գյուղի գլխավոր անասնաբույժի գլխավորությամբ իրականացվել է նաև հարկադիր մորթ, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն և այս պահին հիվանդության տարածման միտում չի նկատվում: «Անասուններից երկուն են միայն մորթվել»,- ասաց նա
Ի դեպ՝ գյուղում բրուցելոզի հիվանդությունը գրանցվել էր նաև նախորդ տարի: Գյուղապետը հավելեց նաև, որ այս հիվանդությունը հիմնականում գալիս է դրսից,: «Գյուղացիները գնում են և անասուններն էժան գնում են դրսից: Այս ուղղությամբ ևս համապատախան միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի անասունը գնելուց գյուղացիները համապատասխան առողջապահական տեղեկանք ունենան»,- ասաց Բ. Սարգսյանը: