17/04/2015 14:14
Կենդանասերները դեմ են կրկեսային կենդանիներ վարժեցնելուն
Այսօր նշվում է կրկեսի միջազգային օրը, կրկեսում վարժեցված կենդանիներ օգտագործելու դեմ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Ըստ ակտիվիստի, կրկեսում կենդանիներին դաժան են վերաբերում, երկար վարժեցնում են, որ հետո կարողանան կենդանիները հանդես գան արենայում:
Կ. Փանոսյանը հաղորդեց, որ նոր ծնված կենդանուն պահում են վանդակում, քիչ սնունդ են տալիս, որ հետո կարողանան սննդի միջոցով վարժեցնելուն, եթե կենդանին չի վարժվում, ապա պատժում են:
Հիշեցնելով չինական առանց կենդանիների կրկեսը՝ նա ասաց, որ դեմ է կենդանիների վարժեցնելուն և կրկեսում ցուցադրելուն:
Նարե Արամյանը հավելեց, որ ապացուցված է, որ կենդանիների կրկեսը երեխաների համար վտանգավոր է, քանի որ երեխան կորցնում է իրական պատկերացումները բնության և կենդանիների մասին:
Ըստ նրա, Հայաստանում կրկեսի շեշտադրումը սխալ է դրված, պետք է զարգացնել այնպիսի ուղղություն, ինչպիսին լարախաղացությունն է՝ որպես օրինակ ունենալով Լեոնիդ Ենգիբարյանին: