17/04/2015 15:46
«Հաշմանդամ աղջիկները մանկատներում ավելի շատ են, քան՝ տղաները»
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից 2012 թ. անցկացված հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակաների մեջ մեծ թիվ են կազմում արական սեռի ներկայացուցիչները, որը կապված է նաև հիվանդությունների այնպիսի տեսակների հետ, որոնց նկատմամբ ավելի խոցելի են տղամարդիկ, սակայն մանկատներում մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող աղջիկները: Այսօր այս հետազոտության համատեքստում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ Հայաստանում տղա և աղջիկ հաշմանդամների միջև տարբերություն է դրվում, դպրոցներում ևս հաշմանդամ տղա երեխաները մեծ տոկոս են կազմում:
Ըստ նրա, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն առավել ակնհայտ են դառնում, երբ հաշմանդամ է կինը, հատկապես խնդիրը սրվում է չափահասությունից հետո՝ ամուսնություն, մայրություն:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտապանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանը իր հերթին նշեց, որ հաշմանդամություն ունեցող աղջիկները հասարակական կյանքում ակտիվ դերակատարում չեն ունենում, թեև ծրագրեր են իրագործվում ուղղված հաշմանդամ կանանց իրավունքների պաշտպանությանը, սակայն հաշմանդամություն ունեցող կանայք այդ ծրագրերում ներառված չեն: