17/04/2015 18:00
Փոխոստիկանապետ. Եթե հրապարակում մարդկանց հոսքը թույլատրելիից շատ լինի, ոստիկանությունը կսահմանափակի այն
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ապրիլի 23-ին և ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումները:
Նրա խոսքով՝ ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու համերգ՝ ընդդեմ ցեղասպանությունների, իսկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լինելու է սրբադասման արարողություն, որին մասնակցել ցանկացող մարդկանց Երևանի Բրազիլիայի հրապարակից ավտոբուսներով կարող են տանել Էջմիածին և այնտեղից կբերեն Երևան:
Ս. Հովհաննիսյանը ասաց, որ ապրիլի 23-ին ոստիկանությունը նախապատրաստական աշխատանքների համար որոշել է փակել որոշ փողոցներ, Էջմիածին գնալու համար փակ կլինի միայն Արարատյան փողոցը, մնացած փողոցները մինչև 14.00-ը բաց կլինեն, դրանից հետո փակ կլինի Մաշտոցի պողոտան, իսկ այն քաղաքացիները, որոնք սեփական տրանսպորտային միջոցներով կգան, կարող են այն թողնել հեռվում և մոտենալ Մայր Աթոռին:
«Աբովյան և Նալբանդյան փողոցներից համերգի ընթացքում մուտք ու ելք չի իրականացվելու, մուտք լինելու է միայն Շահումյան հրապարակի կողմից՝ Վազգեն Սարգսյան փողոցից: Կարող է որոշակի սահմանափակում լինել՝ հաշվի առնելով տեղադրված բեմը, սարքավորումները: Որոշակի թույլատրելի թվաքանակ կա, որից հետո Հանրապետության հրապարակը կփակվի»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ինչպե՞ս են որոշելու, թե որքա՞ն մարդ է թույլատրվում թողնել Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց, որ սահմանափակելու են 50 հազար մարդուց ավելի հոսք լինելու դեպքում, իսկ մարդկանց քանակը հաշվելու համար հատուկ սարքեր են դրվելու:
Ս. Հովհաննիսյանը նաև ասաց, որ ապրիլի 24-ին առավոտյան փակ կլինի նաև Մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, մուտքը կսկսվի ժամը 13.00-ից, Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը կիսով չափ փակ կլինի, Ամիրյանի կողմից Տիգրան Մեծ հատվածը բաց կլինի՝ երեկոյան միջոցառման համար, փակ կլինեն դեպի շատրվաններ տանող մյուս ճանապարհները: