17/04/2015 14:01
Օֆշորի գործ. Տպավորություն է, որ մեղադրանքը հիմնված է միայն Փայլակ Հայրապետյանի ցուցմունքի վրա
«Օֆշորի» գործով նախաքննության ժամկետը օրեր առաջ երկարացվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նախաքննությունը մինչև հիմա չի կարողացել ձեռք բերել մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց և չի բացառվում, որ կալանքի ժամկետը երկարացվում է նաև այդ պատճառով:
«Տպավորություն է, որ մեղադրանքը հիմնված է միայն Փայլակ Հայրապետյանի ցուցմունքի վրա»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Փ. Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ անիմաստ է համարում Աշոտ Սուքիասյանին մեղադրելը ու կալանքի տակ պահելը, Յ. Խաչատրյանը պատասխանեց.
«Ինձանից լավ գիտեք, թե ինչքան հարցազրույցներ էր նա տալիս լրատվամիջոցներին մինչև Աշոտ Սուքիասյանի կալանավորվելը՝ նրան մեղադրելով այս գործում»:
Փաստաբանի խոսքով՝ ինքը բազմիցս ասել է, որ այս գործը պետք է քննվի քաղաքացիաիրավական հարթությունում: Նա ասաց, որ այս գործով եղել են բազմաթիվ առերեսումներ, սակայն չցանկացավ նշել, թե ում հետ, ինչպես նաև ասաց, որ ապացույցներ ունի, որոնք ներկայացրել է նախաքննության մարմնին: