17/04/2015 10:39
Հանրային դիվանագիտությունը՝ որպես ազդեցության գործիք
Ժամանակակից աշխարհում երևան են գալիս դիվանագիտության նոր ճյուղեր ու դրսևորումներ: Ավանդական դիվանագիտությանը զուգահեռ նոր թափ է առնում նաև «հանրային դիվանագիտություն» անվանումը ստացած ճյուղը: Այն դիտարկվում է որպես հարաբերությունների հաստատման նոր հարթություն: Կալիֆորնիայի հարավային համալսարանը հանրային դիվանագիտությունը սահմանում է որպես հասարակական, ինտերակտիվ՝ անմիջական դիվանագիտության տեսակ, որը ոչ միայն համընդհանուր է իր բնույթով, այլև ներառում է նաև հանրային դեմքերի ակտիվ մասնակցություն և համացանցի արդյունավետ կիրառում:
Մեկ այլ կենտրոնի դիտարկմամբ` հանրային դիվանագիտությունը նաև ներառում է մշակութային, կրթական և տեղեկատվական ծրագրերի իրականացում, ինչպես նաև միջազգային հեղինակություն վայելող անհատների և հեռարձակման բազմապիսի հնարավորությունների միջոցով ազգային շահերի առաջ քաշում: Նման գործընթացը ենթադրում է միջազգային հարթակում առավել լայն հասարակական շերտերի վրա ազդեցություն գործելու գործիքակազմ՝ ամփոփելով ներկայացման, իրազեկման, պարզաբանման և բացատրական աշխատանքների ծավալման բազմապիսի միջոցներ:
Հանրային դիվանագիտությունը հարաբերությունների հաստատման ու միջազգային օրակարգում հուզող խնդիրների վերհանման մի նոր հարթություն է, որի արդյունավետությունը անհերքելի է: Այն հատկապես շոշափելի գործիք է փոքր պետությունների համար: Համեմետաբար փոքր պետությունները, որոնց դժվար է հավասար մրցակցության մեջ մտնել հզոր պետությունների հետ հանրային ճանաչում ունեցող մարդկանց ներգրավման միջոցով ևս կարող են իրենց ձայնը լսելի դարձնել:
Որպես հանրային լայն ազդեցություն ունեցող անձ՝ օրերս Քիմ Քարդաշյանի Հայաստան՝ մասնավորապես Ցեղասպանության հուշահամալիր կատարած այցը Հայոց Ցեղասպանության հարցը լսելի դարձրեց ողջ աշխարհում:
Ցեղասպանությանն ու Հայաստանին անդրադարձան համաշխարհային գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականները՝ Reuters, Washington Post, The Guardian, Daily Mail, Business Insider, BBC, Dailymail…: «Google Trends-ի տվյալներով վերջին շաբաթվա ընթացքում Google համակարգով «Armenia» բառի որոնումը աճել է 60%-ով: «Where Is Armenia» արտահայտության որոնումն աճել է 7.5 անգամ (650%-ով): Մեծացրել է նաև օտարերկրացիների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ: Wikipedia-ի տվյալները ևս նույն են փաստում՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի էջը դիտվել է օրական միջինը 5000 անգամ: Քիմը Հայաստան այցելելու օրը անգլալեզու էջի դիտումների քանակը հասավ 8208-ի, հաջորդ 9-ին՝ 14 հազարի, այնուհետև 15600-ի:
Նմանօրինակ ազդեցություն ունեցավ նաև Վատիկանի Սուրբ Պետրոս Տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագը, որի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդն անվանել է «XX դարի առաջին Ցեղասպանություն»: Վերջինիս հայտարարությանը ևս անդրադարձան բոլոր միջազգային լրատվամիջոցները՝ The Wall Street Journal, CNN, Economis և այլն:
Տվյալներն ավելի քան խոսուն են: Ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտության՝ մասնավորապես հանրային անձանց միջոցով հաղորդագրությունները ավելի նպատակային ու թիրախային են տեղ հասնում: Նախորդ շաբաթ միջազգային մամուլում Հայաստանի և Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հոդվածների աննախադեպ շահարկումը փաստում է հանրային դիվանագիտության գրանցած հաղթանակի մասին: