18/04/2015 15:57
Զինվորական մեքենայի վթարի ժամանակ վիրավորված զինվորներից մեկին վիրահատում են
Նախօրեին Սպիտակի ոլորաններում զինվորական «Ուրալի» վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկին այս պահին վիրահատում են: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Ընդհանուր առմամբ մեզ մոտ է տեղափոխվել 9 զինծառայող: Նրանցից երեքի վիճակը՝ այդ թվում վիրահատվողը, կայուն ծանր է: Մյուսների վիճակը կարող ենք գնահատել բավարար»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետի խոսքով՝ զինվորները ստացել են բազմաթիվ վնասվածքներ:
«Հիմնականում բոլորի մոտ պոլիտրավմա կա: Ունեն կրծքավանդի, կոնքերի, գանգի կոտրվածքներ»,- ասաց հոսպիտալի պետը:
Հիշեցնենք, որ զինվորական «Ուրալի» վթարը տեղի է ունեցել նախօրեին՝ Սպիտակի ոլորանների հատվածում: Վթարի հետևանքով տեղում մահացել է 1995թ. ծնված ժամկետային զինծառայող Արտյոմ Թորոսյանը:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: