18/04/2015 16:24
Զորավար Անդրանիկի ջոկատի մասնակցությամբ Դիլմանի ճակատամարտը` մեռնել-ապրելու օր. 100 տար անց
Այսօր լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ռազմական կարևորագույն գործողություններից մեկի` Դիլմանի (քաղաք Հյուսիսային Պարսկաստանում) նշանավոր ճակատամարտի հաղթանակի հարյուրամյակը:
Սարիղամիշի օպերացիայից (1914թ. դեկտեմբերի 9-ից 1915թ. հունվարի 5) հետո այն թուրքական բանակի երկրորդ խայտառակ պարտությունն էր, որով ձախողվեց Իրանական Ադրբեջանից Կովկաս ներխուժելու թուրքերի ծրագիրը: Այս ճակատամարտում ռուսական զորքերը հայազգի գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ և Հայկական I կամավորական խմբի հրամանատար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Անդրանիկ Օզանյանի սխրագործությունների շնորհիվ պարտության են մատնել Խալիլ բեյի գլխավորած 3-րդ հավաքական դիվիզիային, ոստիկանական և սահմանապահ զորախմբերին ու քրդական հեծյալ զորամասերին:
Խալիլ փաշայի զորքը մեծաքանակ էր ու լավ զինված, դեռ պարտություն չէր տեսել: Այդուհանդերձ, Խալիլ փաշան, քաջատեղյակ լինելով Անդրանիկի զորավարական տաղանդին, փորձ կատարեց խուսափել ընդհարումից` նամակով առաջարկելով առանց կռվի ճանապարհ տալ իրեն: «Անդրանիկ փաշան, ինչպես ի հնումն, կապըսպրե, որ կռվի պատրաստ է»,-եղավ զորավարի պատասխանը: Նման անհավասար պայմաններում ճակատամարտ տալու Անդրանիկի որոշումը հանդուգն էր: Սակայն զորավարը քաջ գիտակցում էր, որ հաղթանակը վճռական նշանակություն է ունենալու ամբողջ Կովկասյան ճակատի համար: Ճակատամարտից առաջ Անդրանիկը շրջում էր կամավորների մեջ, հիշեցնում պատմական այդ վայրերում V-րդ դարում Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ պարսիկների դեմ մղած մարտերի նշանակությունը հայ ժողովրդի համար, նրանց ոգեշնչում Վարդանանց օրինակով. «Մեռնել-ապրելու օր է, սրբազան պարտականությունը պետք է ճանչնալ,- ասում էր զորավարը»:
Առավոտից մինչև երեկո տևած, ոչ մի պահ դադար չառած կատաղի կռիվների ամբողջ ընթացքում Անդրանիկը ձիու վրա դիրքից դիրք էր սլանում, իջնելով ձիուց` վիրավոր զինվորից վերցնում հրացանը, պառկում նրա կողքին, անվրեպ կրակում, ապա նորից սլանում էր մյուս դիրքերը և ոգեշնչում նրանց: Ամենուր զարմանքով էին խոսում Անդրանիկի զորավարական խորաթափանցության մասին, որոնց շնորհիվ զորավարը, շփոթմունքի մեջ գցելով թուրքերին, մեկը մյուսի ետևից փայլուն հաղթանակներ էր տանում: Պատահական չէ գեներալ Թ. Նազարբեկյանի գնահատականը` «Այս ճակատամարտի շահողը Զորավար Անդրանիկն է»:
Գեներալ-լեյտենանտ Չեռնոզուբովը նշել է. «Այստեղ Անդրանիկը դրսևորեց իր բոլոր հատկանիշները` ոչ միայն փառահեղ կերպով պաշտպանելով իրեն հանձնարարված մարտական տեղամասը, այլև հանդես բերելով եռանդ մեր հակագրոհներում: Այս մարտին մասնակցած կամավորներից ամեն մեկը կարող է հպարտությամբ ասել` Անդրանիկի հրամանատարության ջոկատը փառահեղ մասնակցություն ունեցավ Մուղանջուղի տակ մղվող նշանավոր կռվին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից»:
Դիլմանի ճակատամարտի մասնակից, գնդապետ Ջեբաշվիլին այսպես է նկարագրել Անդրանիկի գումարտակի և նրա առաջնորդի հերոսությունը . «…Շարունակ անձամբ առաջ էր մղում իր մարդկանց, երևան հանելով ծայրաստիճան մեծ պաղարյունություն և խելագար քաջությամբ իր հետևից հափշտակում գումարտակը: Ես տեսա` ինչպես մի բուռ քաջեր, տարված իրենց առաջնորդով, թուրքական գնդակների տարափի տակ սլանում էին դեպի ճշմարիտ մահ: Անդրանիկը այդ մարտի ամենագլխավոր պատճառներից մեկն եղավ, որ թշնամուց երեք անգամ թույլ մեր զորախումբը կասեցրեց թուրքական լավագույն դիվիզիաներից մեկի կատաղի գրոհը: …Ոչ մի բան ինձ չի ստիպի մոռանալ հայ ժողովրդական հերոսի դեմքը, որն իր զինվորներին դեպի մահ էր առաջնորդում հանուն հայրենիքի բարօրության և զորաջոկատի փրկության»:
Դիլմանի ճակատամարտից հետո Անդրանիկը, գրավելով Բաշկալեի բարձունքները, փակեց դեպի Վան շարժվող թուրքերի ճանապարհը: Սա փրկարար քայլ էր Ջևդեթ բեյի կողմից պաշարված Վանի հերոսների համար, ովքեր բնաջնջումից փրկվելու համար 1915թ. ապրիլի 6-ից մայիսի 3-ը կենաց ու մահու կռիվ էին մղում թուրք հրոսակների դեմ:
1915թ. ապրիլին Դիլմանի հաղթանակը կրկնակի կարևոր էր հատկապես հայերի համար: Արդյունքում Արարատյան դաշտավայրի դռները փակված մնացին Խալիլ փաշայի զորքերի դիմաց, հերթական անգամ հօդս ցնդեց երիտթուրքերի կառավարության դեպի Կովկաս տարածվելու ծրագիրը: «Դիլմանի ճակատամարտը հայոց զենքի փառահեղ ստեղծագործություններից մեկն է, - նշում է ակադեմիկոս Հր. Սիմոնյանը: Այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ զինված հայ մարդը կարող է անկարելին կարելի դարձնել»:
Անուշ Սարգսյան
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող