18/04/2015 11:08
Մոուրինյո. «Չելսիին» չեն սիրում, քանի որ մենք ձանձրալի ենք
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Անգլիայում շատ չեն երկրպագում իր թիմին, քանի որ վերջինս առաջատար դիրքում է:
«Ինչու՞ չեն սիրում «Չելսիին»: Կարծում եմ` մենք ձանձրալի ենք: Առաջնության առաջին տուրից գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, իսկ այս երկրում նման բաներ չեն սիրում: Բոլորը կցանկանային Պրեմիեր լիգայում տեսնել այնպիսի իրավիճակ, ինչպիսին Չեմպիոնշիփում է` առաջատար քառյակի թիմերը միմյանց մի քանի միավոր են զիջում: Մենք առաջին տուրից փորձում ենք նման բան թույլ չտալ: Թիմը լի է չեմպիոն դառնալու վճռականությամբ»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերված են «The Guardian»-ից:
Նախորդ շաբաթվա կարևոր լուրերից մեկը Յուրգեն Կլոպի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսսիայից» հեռանալու որոշումն էր: Պորտուգալացի մասնագետն անդրադարձել է նաև այդ թեմային:
«Յուրգենը լավ ընկեր է: Ես շատ եմ սիրում նրան, սակայն չեմ ցանկանում քննարկել այն շշուկները, թե ուր է նա տեղափոխվելու: Նա անձամբ ինձ խոսք է տվել, որ «Չելսի» չի տեղափոխի, այնպես որ, ես հանգիստ եմ»,- ասել է Մոուրինյուն: