18/04/2015 16:16
13 տարվա աշխատանքից հետո Ռուբեն Հայրապետյանը նորից վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը, որը մեկնարկել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղերձով։
Հայրապետյանն անդրադարձել է ՀՖՖ բյուջեին, Հայաստանի հավաքականներին և Բարձրագույն խմբի առաջնությանը։ Նա նշել է, որ իր նախագահության 13 տարիների ընթացքում ՀՖՖ բյուջեն մոտ տասն անգամ բազմապատկվել է, ավելացել են ենթակառուցվածքները, կառուցվել և շահագործման են հանձնվել նոր մարզաբազաներ և ֆուտբոլային ակադեմիաներ։
Խոսելով ազգային հավաքականների մասին՝ Հայրապետյանը նշել է, որ ազգային հավաքականն անհաջող է հանդես եկել, սակայն ինքը մեղքը չի բարդում միայն գլխավոր մարզչի վրա։ Երիտասարդական, Մ19 և Մ17 հավաքականների աշխատանքից ՀՖՖ նախագահը գոհ է։
Ինչ վերաբերում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, Հայրապետյանը նշել է, որ ցավալի է, որ այնտեղ ընդամենը 8 ակումբ է հանդես գալիս, որոնք էլ մեծ դժվարությամբ են պահվում։ Հայրապետյանը նշել է, որ բարոյական չի համարում Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում պետությունից ֆինանսավորում խնդրելը։ ՀՖՖ նախագահը ուժեղ հավաքականը պայմանավորել է ուժեղ առաջնություն ունենալով, սակայն ընդգծել, որ առայժմ այս առումով լավատես չէ, քանի որ չի ակնկալում, որ մոտ ժամանակներս հայկական ակումբային ֆուտբոլի վիճակը կբարելավվի։
Ժողովի ընթացքում քննարկվել են օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում նաև «Քինգ Դելյուքս ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ին և Կանանց ֆուտբոլի և ֆուտզալի ասոցիացիային ՀՖՖ անդամությունից հեռացնելու հարցը։
Ներկայացվել է 2014 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը և հաստատման է դրվել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն։
Օրակարգի 11-րդ կետը ՀՖՖ նախագահի ընտրությունն էր։ Միակ թեկնածուն՝ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը, միաձայն վերընտրվել է այդ պաշտոնում։