18/04/2015 10:21
Ա.Ասատրյան. Սոցիալական ապահովությունից պետք է անցնել ներառական քաղաքականության
Նախօրեին Ամերիկյան համալասարանում կայացել է «Ներառական և դիմակայուն դպրոցներ. 21-րդ դարի դպրոցական շենքերը Հայաստանի երեխաների համար» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կարևորելով քննարկումը նախարար Ասատրյանն ընդգծել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության տեսանկյունից քննարկման թեման խիստ արդիական է.
«Այն ամբողջությամբ համահունչ է ներկայումս կառավարության կողմից իրականացվող երեխաների սոցիալական պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ոլորտում վարվող քաղաքականությանը: Մենք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում մեր գործընկեր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ վեր ենք հանել որոշ խնդիրներ՝ կապված հատուկ կարիք ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ հայտնվելու պատճառների հետ: Պատճառների մի մասն էլ առնչվում են մատչելի միջավայրի, ներառական կրթության դեռևս նոր արմատավորվող գործընթացներին»,- մասնավորապես ասել է Ա.Ասատրյանը:
Խոսելով ՀՀ կառավարության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ նա ընդգծել է, որ դրանք վճռորոշ փուլ են թևակոխել.
«Մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ հատուկ կարիք ունեցող անձանց և երեխաների համար: Այսինքն՝ սոցիալական ապահովությունից պետք է անցնել ներառական քաղաքականության, հավասար հնարավորությունների քաղաքականության ապահովմանը և գործնականում դրանց իրացմանը»: