18/04/2015 14:40
Եգանյան. Տարեկան Հայաստանի բնակչությունը կրճատվում է 1 տոկոսով
Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ ու թեև ունենք բնական աճ՝ 13-14 հազարվ ծնվածները շատ են մահացածներից, բայց իրավիճակը առաջիկա հինգ տարիների ընթացքում կփոխվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, ով հենց սկզբում հայտարարեց. լավ կանխատեսումներ չունի մեր երկրում տիրող իրավիճակի մասով, քանի որ տեսանելի է արդեն այն օրը, երբ մահացածների թիվը կգերազանցի ծնվածներին:
«Ծնելիությունը շարունակում է նվազել: Այո, ինչ-որ բան արվում է՝ 50 հազար դրամ միանվագ գումար է հատկացվում, երրորդ երեխայի համար է գումար հատկացվում, բայց դա բավարար չէ: Մենք ունենք խնդիր, երբ երկրորդ երեխան չեն ցանկանում ունենալ, այնպես որ հարկավոր է ոչ թե 3-րդ կամ 4-րդ երեխայի ծնունդը խթանելուն ուղղված քաղաքականություն անել, թեև դա էլ իր հերթին, բայց առաջնային երկրորդ երեխայի ծնունդն է հարկավոր խթանել»,- հայտարարեց բանախոսը:
Նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, որ տարեկան Հայաստանի բնակչությունը կրճատվում է 1 տոկոսով, մահացությունը աճում է, բայց ցավոք՝ պետության ռեսուրսներն էլ բավարարն չեն այս խնդրի հետ պայքարելու համար, քանի որ դա թանկ հաճույք է: