18/04/2015 12:22
Շիրինյան. Եթե Օբաման ասի Ցեղասպանություն բառը, Թուրքիան կսկսի աշխատել Ռուսաստանի հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ սողալու: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն թուրքական գործող իշխանության հպատակներից մեկն է, որը մեկնել է ԱՄՆ-ը Օբամային աղաչելու: «Ուզում են թուրքական լոբբին կրկին շրջանառության մեջ դնել: Գնացել է, որպեսզի ընդդեմ Հայաստանի հոխորտա, իսկ ամերիկացիների ոտքերի տակ պառկի ու սողա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թուրքերի միակ ցանկությունն այս պահին այն է, որպեսզի ԱՄՆ նախագահ Օբաման Ցեղասպանություն բառը չարտաբերի:
Քաղաքագետը դժվարացավ ասել, թե Չավուշօղլուին, այնուամենայնիվ, կհաջողվի Օբամային համոզել, թե ոչ, բայց, եթե ԱՄՆ-ին ձեռնտու լինի ասել Ցեղասպանություն բառը, ապա նա դա կանի առանց վարանելու, առանց որևէ մեկին ու նրա կարծիքը հաշվի առնելու:
«Այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ը վախենում է թուրքական ճնշումներից, դա հեքիաթ է: Ոչ մի Չավուշօղլու էլ չի կարող ԱՄՆ-ին ճնշել: ԱՄՆ-ն շատ հաշվենկատ է: Եթե նրա մտքին եղավ այդ մասին հայտարարել, ապա նա դա կանի՝ առանց ինչ-որ մի թուրք հաշվի առնելու»,- ասաց Լ. Շիրինյանը:
Շարունակելով խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ, այնուամենայնիվ, Բ. Օբաման այս տարի ևս չի արտաբերի Ցեղասպանություն բառը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ եթե նա դա անի, ապա Թուրքիան շուռ կտա իր երեսը դեպի Ռուսաստան:
«Այդ դեպքում Թուրքիան կսկսի աշխատել Ռուսաստանի հետ, իսկ դա ձեռնտու չէ ոչ միայն ԱՄՆ-ին, այլև՝ Հայաստանին: Հայաստանի համար դա կլինի մեծագույն աղետ. կկրկնվի 20 թվականը. ռուսները հենց դրան են երևի սպասում: Թեև ոչ Թուրքիան, ոչ Հայաստանն ԱՄՆ-ին ոչինչ չեն կարող պարտադրել, բայց Հայաստանը ևս ԱՄՆ-ից պետք է պահանջի Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել»,- ասաց քաղաքագետը:
Եզրափակելով խոսքը՝ Լ. Շիրինյանն ասաց, որ եթե Օբաման արտաբերի Ցեղասպանություն բառը, ապա պետք է նաև անվտանգության երաշխիքներ ապահովի: