18/04/2015 16:06
Նախարար. Ուժեղացվել է պոլիկլինիկական ծառայությունը և հիվանդանոցային ցանցը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքները: Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի ականատես-վերապրածների առողջապահական խնդրին` Արմեն Մուրադյանը նշեց, որ այն մշտապես նախարարության ուշադրության ներքո է և ծրագիրը մեկնարկել է դեռևս 2014 թվականին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի: Երևանում և մարզերում մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: «Նախարարությունում առանձնացվել է շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող են զանգահարել ականատես-վերապրածները կամ իրենց հարազատները և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- նշեց Արմեն Մուրադյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը: Անհարժեշտ բժշկական օգնություն է տրամադրվում նաև Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին։ Նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող խորհուրդ։ Երևանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ քննարկվել են միջոցառումների ընթացքում բնակչության և հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելու հարցերը։ «Համաճարակաբանական հսկողությունը ուժեղացվել է սկսած սահմաններից, անցումային կետերից: Բոլոր հյուրանոցները կցվել են պոլիկլինիականերին, ուժեղացվել է պոլիկլինիկական ծառայությունը և հիվանդանոցային ցանցը: Բոլոր բժշկական կազմակերպությունները ապահոված են բժշկական պարագաներով և դեղերով»,- տեղեկացրեց նախարարը:
Այդ օրերին առանձին մասնագետների հերթապահություններ կսահմանվեն պոլիկլինիկաներում։ Հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը: Հերթապահություներ կսահմանվեն նաև նախարարությունում։ Կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը։ Գործող 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։