18/04/2015 15:21
Քաղաքագետ. Ճանաչելով Ցեղասպանությունը՝ պատնեշներ են դրվում Թուրքիայի և Ադրբեջանի առաջ
Հայկական հարցը դարձել է աշխարհում քաղաքական գործոն և դատելով ճանաչման տեմպերից ու մասշտաբներից՝ կարելի է վստահ պնդել, որ առաջիկայում Ցեղասպանությունը ճանաչող երկրների և կառույցների թիվը հետզհետե մեծանալու է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ճանաչելով Ցեղասպանությունը՝ դրվում են այն պատնեշները, որոնք խանգարում են Թուրքիային տարածաշրջանում ակտիվանալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա նաև ինչ-որ չափով զսպող մեխանիզմ է հանդիսանում նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը:
Շարունակելով խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ անցյալ տարվա օգոստոսին սահմանային լարվածությամբ ադրբեջանական կողմի քայլերը հիմնականում ուղղված էին Ցեղասպանության խնդիրը երկրորդ պլան ուղղելուն:
«Հաշվարկված էր այսպես, թե ով պետք է ուշադրություն դարձնի 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, եթե այսօր կա իրական պատերազմի սպառնալիք, սակայն Հռոմի պապի մատուցած պատարագից, ապա նաև՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևից հետո տեսանք, որ, ըստ էության, թուրք-ադրբեջանական խնդիրը տապալվեց և տարածաշրջանում օրակարգը նրանք չկարողացան փոխել»,- ասաց նա:
Ցեղասպանության հարցը, շարունակեց նա, միջազգային ասպարեզ դուրս եկավ և կարևոր նշանակություն ունեցող քաղաքական խնդիր դարձավ.
«Հռոմի պապի կողմից Ցեղասպանության ճանաչումը և Եվրախորհրդարանի կողմից բանաձի ընդունումը՝ ճանաչումն ու դատապարտումը լրացուցիչ պատնեշ են ստեղծել ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի միջոցառմանը մասնակցելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կա ընդհանուր պահանջատիրություն, որը չի սահմանափակվում զուտ հայ ժողովրդի դաշնակիցների պահանջատիրությամբ:
Պատասխանելով հարցին, թե նման բանաձևերն ու հայտարարություններն ի՞նչ իրավական լուծում են առաջարկում, քաղաքագետը ասաց, որ բանաձևերը նախևառաջ կանխում են Թուրքիայի հնարավոր ակտիվությունը: