18/04/2015 09:07
Երևանի և Գյումրու քաղաքապետարանում տեղյակ չեն մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին
Երևանի ու Գյումրու քաղաքապետարանում, կարծես թե, տեղյակ չեն մայիսի 9-ին կայանալիք հայ-ռուսական միացյալ զորքերի շքերթի անցկացման մասին: Շքերթի մասին տեղեկատվություն էր տարածել ռուսական Հարավկովկասյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, այնինչ՝ ՀՀ ՊՆ այդ մասին լռում է:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում խոսելով քաղաքում շքերթ անցկացնելու մասին լուրերին ասել է.
«Խնդրում եմ՝ Պաշտպանության նախարարությունից հարցրեք: Մենք առայժմ այդ շքերթի մասին տեղյակ չենք, նման բան չկա, միջոցառումների մասին մենք բան չգիտենք, չնայած ըստ ընթացակարգի՝ մեզ պետք է տեղյակ պահեն, երևի հետագայում տեղյակ կպահեն»:
Երևանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանի կազմակերպչական հարցերով վարչության պետ Գագիկ Բաղդասարյանն էլ ասել է, թե դա պետական տոն է ու այդ օրը միջոցառում կազմակերպելու համար հատուկ դիմում քաղաքապետարանին հարկավոր չէ ներկայացնել: Թերթի հարցին ՝ ի՞նչ շքերթ է անցկացվելու Երևանում, Բաղդասարյանը դժվարացել է պատասխանել՝ միայն նշելով, որ ձեռքի տակ միջոցառումների ժամանակացույց չունի ու չգիտի՝ երբ որտեղ ու քանի զինվորի մասնակցությամբ է այն կայանալու: