20/04/2015 17:07
Agence France-Presse. Թուրքիան խնդիրներ է ստեղծում Ցեղասպանության օրվան ընդառաջ
«Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպում է պատերազմի իրական ամսաթվից մեկ օր շուտ՝ արժանանալով սուր մեղադրանքների, որ այդպիսով փորձում է ստվեր գցել օսմանյան զորքերի կողմից իրականացված հայերի կոտորածներին նվիրված հիշատակի արարողությունների վրա», գրում է Ստուարտ Ուիլիամսը Agence France-Presse-ում տպագրված իր հոդվածում, որը ներկայացնում ենք մասնակի կրճառումներով:
Ըստ հեղինակի՝ հայերը զայրացած են Թուրքիայի այս քայլով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին մեղադրել է ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներից «համաշխարհային ուշադրությունը շեղելու» դիտավորության մեջ:
«Օրացուցային բախումը աշխարհի պետական գործիչներին բարդ դրության մեջ է դրել, քանի որ վերջիններս ստիպված են ընտրել, թե որ արարողությանն են մասնակցելու, ինչպես տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պարագայում, որը տնտեսական և քաղաքական պատճառներից ելնելով ձգտնում է երկու կողմին էլ չվիրավորել»:
Ռուսական Կոմերսանտ թերթը գրում է՝ «Կրեմլը ստիպված է հավասարակշռություն պահպանել Անկարայի և Երևանի միջև և դիտարկել ռուսական ղեկավարության հավանական մասնակցությունը նույն օրը կայանալիք հիշտակի երկու միջոցառումներին»:
«Սա հարյուրամյա տարելիցին ընդառաջ դրսևորվող քաղաքական կեցվածքի և քաղաքական հռետորաբանության մեկ այլ օրինակ է», նշել է Երևանում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա համառ և զգացմունքային փուլ է, որում յուրքանչյուր կողմ ձգտում է սուր արձագանք հրահրել», հավելել է նա:
Օրերի շուրջ իրարամերժությամբ ստեղծված լարվածությունն առավել սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիան, ի պատասխան Հռոմի պապի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառման, վերահաստատեց իր ժխտումը, որ որևէ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
«Թուրքիայում լայնորեն տարածված հավատամք կա, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել կամ դա իրականում ծրագրված չի եղել», ասել է Քարնեգի կենտրոնի հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Մարկ Պիերինին:
Երկու կողմերի միջև առկա թշնամանքը բավականին խորն է, սակայն դեռևս հույս կա, որ տարելիցից հետո Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կկարգավորվեն:
«Հաշտեցման համար սերունդներ են պահանջվում: Սակայն կարգավորումը առաջին կարևոր քայլը կլինի»,- ասել է Կիրակոսյանը: